Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Ամեն ինչից տեղյակ է ու ոչ մի բանից չի նեղանում

Ամեն ինչից տեղյակ է ու ոչ մի բանից չի նեղանում
26.05.2025 | 16:05

Ես արհեստական բանականությանը երես չեմ տալիս։ Որ իրան շատ լքված չզգա, շաբաթը մեկ բացում, մի անկապ հարց եմ տալիս, ասենք՝ ինչո՞վ ա պոմիդորով ձվածեղը տարբերվում կլարնետից։ Միանգամից սկսում ա հարցի ապուշությանը համարժեք ինչ-որ երկար պատասխան գրել։ Սպասում եմ, մինչև վերջացնի, ասում եմ՝ մերսի ու փակում, մինչև մյուս շաբաթ։ Բայց չեմ ջնջում, մի օր կարող ա պետք գա, է՛լի։

Էդ նրանից չի, որ լուրջ չեմ ընդունում։ Պարզապես, մի տեսակ, զրուցակցի կարիք չունեմ՝ բնավորություն ա, ի՜նչ անեմ։

Բայց աջից-ձախից լսում եմ, որ շատերի համար ԱԲ-ն զրուցակից ա դարձել ու շատ լավ զրուցակից։

Իսկապես, եթե մտածես, ախր, դրանից լավ զրուցակից չկա։ Ամեն ինչից տեղյակ ու ոչ մի բանից չի նեղանում, քաղաքավարի ա, միշտ քեզ հասկացող։ Տենց զրուցակից կյանքում հնարավոր չի գտնել։ Իսկական զրուցակիցը մեկ էլ՝ ինչ-որ հարցում, որտեղ չհամաձայնելու բան էլ չկա, կվիճի, կպնդի, կապացուցի իր տեսակետը։ Կամ էլ՝ մի բան կարող ա սխալ հասկանա ու նեղանա։ Բա որ թեման անընդհատ փոխում են. կան, չէ՞, տենց մարդիկ՝ հենց նեղն են ընկնում, թեման փոխում են։ Մյուսներն էլ, որ զգում են՝ ասելու բան չունեն, անցնում են անձնականին, հին-հին բաներ են հիշում, կռիվ ա սկսվում։ Չէ՛, զրույցն ու գլխացավանքը պիտի հստակ սահմանազատվեն։

Իսկ ԱԲ-ն իդեալական զրուցակից ա, որովհետև բոլոր երկխոսություններից մարդ ամենաշատը մենախոսությունն ա սիրում, բոլոր կարծիքներից ամենաբարձր գնահատում ա իր սեփականը, որը լսում ա ուրիշի բերանից, ու ամբողջ կյանքում փնտրում ա նրան, ով հայելու միջից իրան ա նայում։

Ու հիմա կա էդ հայելին, որն իր անձնական հատկանիշներով բացարձակապես չեզոք ա, բայց համ էլ մի աշխարհ բան գիտի, հլու-հնազանդ՝ կպատմի՝ ինչի մասին հարցնես, կխոսա՝ ինչի մասին ուզես, ու երբեք նյարդերդ չի ուտի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ